ԼՂՀ և ՀՀ ավելի քան 520 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրախորհրդարանին

EuropeanԼեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում նաև «ԷԽՈ» Իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի:

«Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,- ասված է փաստաթղթում, որում նաև նշված է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։ Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Ղափլանյան ընտանիքի երեք անդամների դեպքը:

«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստաթուղթը:

Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով, ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործություները, նրանց Եվրոպական խորհրդարանից պահանջել են.

• «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
• խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,

• վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և

• կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ»։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների համատեղ կոչն՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին» փաստաթուղթը՝ ամբողջական տեքստով և ստորագրած կազմակերպությունների ցանկով հասանելի է այստեղ: