Ակնարկ ֆիզկուլտուրայի կամ ներառական սպորտի մասին

sportՀաշմանդամության խնդիրը համաշխարհային մասշտաբի խնդիր է, որը գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ տնտեսական աճի մակարդակից։ Հաշմանդամության աճը բազմաթիվ երկրներում նախապայմաններ է ստեղծել և հանգեցրել մարդկային գիտելիքների, կրթական ու գիտական առարկաներից բազմաթիվ ոլորտների առաջացմանը։ Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շատ երկրներում գերազանցում է բնակչության 10%-ը և շարունակում է աճել։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով Երկիր մոլորակի  մարդկության 10%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։

Մշտապես աճում է I և II կարգի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը և պակասում է նրանց թիվը, որոնց աշխատունակությունը այս կամ այն չափով վերականգնված է։ Հաշմանդամություն ունեցող անձանց թվում քիչ չեն նաև երեխաները, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի։ Համարվում է, որ երեխաների մեծամասնությունը, ավարտելով դպրոցը, առողջական խնդիրների պատճառով մասնագիտության հարցում ընտրության լայն հնարավորություններ չունի։ Երեխաների մոտ 30%-ը զինվորական ծառայության համար համարվում են ոչ պիտանի։ Հիվանդությունների թվում, որոնց արդյունքում երեխաները ձեռք են բերում հաշմանդամություն, առաջին տեղում է նյարդային համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում՝ հոգեբանական խնդիրները, երրորդ տեղում՝ շնչառական համակարգի հիվանդությունները։

Շատ զարգացած երկրներ, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ է, ինչ գտնվում են ժողովրդավարացման գործընթացում, հաշմանդամություն ունեցող բնակչության  հետ ունեն բավականին հարուստ փորձ։ Գոյություն ունի տարածված մի տեսակետ, ըստ որի հասարակության հոգատարությունը սոցիալական նման խմբերի վերաբերյալ չափորոշիչ է հանդիսանում տվյալ ժողովրդի մշակութային և սոցիալական զարգացման համար։ Քաղաքակիրթ հասարակության ցուցանիշներից մեկն էլ հանդիսանում է նրա վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի թույլ զարգացման հիմնական պատճառներից է հանդիսանում ոչ բավարար թվով մասնագիտացված կառույցների, սարքավորումների ու գույքի առկայությունը, այսինքն՝ լուծված չեն հաշմանդամություն ունեցողների խնդիրները ճարտարապետաշինարարական կառույցներում (օր․՝ թեքահարթակների բացակայություն), հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական բարելավման պայմանների բացակայությունը և քարոզչության պակասը, որը կնպաստեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվեին ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով։

Կան բազմաթիվ կազմակերպչական, այդ թվում նաև պարալիմպիկ և հատուկ սպորտի հետ կապված խնդիրներ, որը հանդիսանում է ներառական սպորտի մարմնավորումը, ֆինանսական խնդիրներ՝ կապված ներառական սպորտի՝ արտաբյուջետային ֆինանսավորման հզոր համակարգի բացակայության պատճառով։ Հարկ է նշել նաև, որ կան ներառական սպորտի ինֆորմացիոն լուսաբանման բացակայության խնդիրներ։ Հաճախ մեր ազգաբնակչությունը տեղյակ էլ չէ մեր՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների հասած հաջողություններին։ Այս խնդիրների լուծումը հրատապ անհրաժեշտություն է։ Առանց սրա ներառական սպորտի հետագա զարգացումն ու նորերի յուրացումն անհնար է։

Պատմական ակնարկ ֆիզկուլտուրայի և ներառական սպորտի մասին՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Ներառական սպորտի նախնական ժամանակաշրջանը

Ներառական սպորտի զարգացումն ունի ավելի քան հարյուրամյա պատմություն։ Դեռ 18-րդ և 19-րդ դարերում հայտնաբերվել է, որ շարժողական ակտիվությունը հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման հիմնական գործոններից մեկը։ Առաջին փորձերը հաշմանդամություն ունեցող անձանց սպորտին հաղորդակից դարձնելը ձեռնարկվել է դեռևս 19-րդ դարում, երբ 1888թ․Բեռլինում կազմավորվեց լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առաջին սպորտային ակումբը։ Որոնց համար առաջին օլիմպիական խաղերն անցկացվեցին Փարիզում 1924թ․օգոստոսի 10-17-ը։ Այդտեղ մասնակցում էին մարզիկներ, որոնք Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Չեխոսլովակիայի պաշտոնական ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներն էին։ Խաղերին մասնակցելու համար մասնակիցներ էին եկել Իտալիայից, Ռումինիայից և Հունգարիայից, որտեղ այդպիսի ֆեդերացիաներ չկային։ Խաղերի ծրագիրը ներառում էր մրցույթներ թեթև աթլետիկայից, հեծանվավազքից, ֆուտբոլից, հրաձգությունից և լողից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի բժիշկ Լյուդվիգ Գուտմանի ջանքերով ողնաշարի վնասվածքներ ունեցողների համար սպորտն ամրապնդվեց՝ որպես նրանց հոգեբանաֆիզիկական և սոցիալական վերականգնման միջոց։ Հոսպիտալի հիման վրա անգլիական Էյլսբերի քաղաքում նա հիմնեց ողնաշարային վնասվածքների բուժման կենտրոն։ Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ունեցած կարծրատիպերը հաղթահարելով՝ Լյուդվիգ Գուտմանը պնդում էր․ «Կարևորն այն չէ, ինչը կորսված է, այլ այն, ինչը մնացել է»։ Համապատասխան այս հասկացությանը նա սպորտում վերականգնման նպատակով ընդգրկեց ողնուղեղի վնասվածքներ ունեցող զինծառայողներին։ 1944թ․ողնուղեղային վնասվածքներ ունեցող հիվանդների վերականգնողական կենտրոնում, որը գտնվում էր Ստոկ-Մենդվիլում, մշակվեց սպորտային ծրագիր, որը համալիր բուժման պարտադիր մաս էր կազմում։ 1945թ․Ստոկ-Մենդվիլի հոսպիտալում կազմակերպվեցին խաղեր այդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Աղեղնաձգության մրցույթում մասնակցեցին նախկին զինծառայող և հաշմանդամություն ունեցող 16 տղամարդ և կին։ 1948թ․հուլիսին Օլիմպիական խաղերին զուգահեռ  բժիշկ Լյուդվիգ Գուտմանի գլխավորությամբ Մեծ Բրիտանիայում կայացան Ստոկ-Մենդվիլյան խաղերը։ 1949թ․այդ խաղերին միացան Իսպանիան և Հարավսլավիան։ Հետագա տարիներին նման մրցույթներում մասնակիցների թիվն ավելացավ, ընդարձակվեց նաև մարզաձևերի ցուցակը։ 1960 թ․ստեղծվեց Ստոկ-Մենդվիլյան խաղերի ֆեդերացիան, որը սերտ կապեր ստեղծեց Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Ներառական սպորտի գաղափարը միջազգային հանրության կողմից հավանության արժանացավ։ Խաղերը դարձան ամենամյա միջազգային սպորտային միջոցառումներ, և, սկսած 1952թ․-ից Նիդերլանդներից, Շվեցիայից, Նորվեգիայից հաշմանդամություն ունեցող մարզիկները պարբերաբար մասնակցում էին այդ խաղերին։

Մելբուրնում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային Ստոկ-Մենդվիլյան ֆեդերացիային պարգևատրեց հատուկ գավաթով՝ մարդասիրության օլիմպիական գաղափարները կյանքի կոչելու համար։ Աշխարհն աստիճանաբար համոզվում էր, որ սպորտը միայն առողջ մարդկանց մենաշնորհը չէ։ Նույնիսկ ողնաշարային վնասվածքներ ունեցող անձինք ցանկության դեպքում կարող էին մասնակցել մրցույթներում։ Ստոկ-Մենդվիլում հաշմանդամություն ունեցող անձանց, թոշակառուների և բարեգործական կազմակերպությունների միջոցներով կառուցվեց ստադիոն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ 1960 մանկական ուղեղային կաթված ունեցողների համար կազմակերպվեցին միջազգային խաղեր, որոնք առաջին անգամ անցկացվում էին Հռոմում, և որին մասնակցեցին 400 մարզիկներ 23 երկրներից։ Ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք հաջողությամբ են գործում, օրինակ՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն, խուլերի սպորտի միջազգային կոմիտեն և այլն։

Պարալիմպիկ շարժում

Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերը, փաստացի առաջիկ Պարալիմպիկ խաղերը, կայացան Իտալիայի Հռոմ քաղաքում՝ 1960թ․ համարյա 17-րդ Օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո։ Սակայն «պարալիմպիկ սպորտ» հասկացությունը սպորտային պրակտիկա մտավ միայն 1964 թ․։ «Պարալիմպիադա» տերմինում օգտագործվում է  լատինական նշանակության նախածանց՝ «раrа»-«միաձուլված»։ Այսպիսով «պարալիմպիկ» տերմինը նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց Խաղերը միաձուլվում են Օլիմպիական խաղերին, կազմակերպվում և անցկացվում են միասին։ Այնուհանդերձ, 1968-1994թթ․ընթացքում Պարալիմպիկ խաղերը տարբեր պատճառներով անցկացվում էին Օլիմպիական խաղերի անցկացման վայրերից դուրս։

Խաղերի բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 18-ին «ԱկվաԱցետոսա» ստադիոնում, որտեղ ներկա էր 5000 հանդիսատես։ Մրցումներին մասնակցեցին 23 երկրի 400 մարզիկներ։ Իտալիայի պատվիրակության մարզիկները թվով գերակշռում էին։ Հռոմեական Խաղերի ծրագիրն իր մեջ ներառում էր 8 տեսակի սպորտ, որոնց թվում էին թեթև աթլետիկան, լողը, սուսերամարտը, բասկետբոլը, նետաձգությունը, սեղանի թենիսը և այլն։ Մրցումներում մասնակցում էին ողնուղեղային վնասվածք ունեցող մարզիկները։ Այդ խաղերում նշանակալի արդյունքներ ցույց տվեցին Ֆ․Ռոսսին Իտալիայից (սուսերամարտ), Դ․ Թոմսոնը Մեծ Բրիտանիայից (թեթև աթլետիկա) և ուրիշները։ Խաղերում ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց Իտալիան, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Ամփոփելով արդյունքները՝ Լյուդվիգ Գուտմանը հռոմեական խաղերի նշանակությունը սահմանեց որպես հաշմանդամություն ունեցող անձանց նոր մոդելի ինտեգրումը հասարակությանը։

1963թ․ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց Միջազգային սպորտային կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ապահովել միջազգային սպորտային մրցույթներ տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որին միացան 16 երկրներ։ 1964թ․Տոկիոյում 7 տեսակ սպորտի մրցույթների ժամանակ առաջին անգամ պաշտոնապես բարձրացվեց խաղերի դրոշը, հնչեց հիմնը և հրապարակվեց պաշտոնական խորհրդանշանը։ Պարալիմպիական շարժման գրաֆիկական խորհրդանիշներ դարձան կարմիր, կապույտ և կանաչ կիսագնդերը, որոնք խորհրդանշում են խելքը, մարմինը և անխախտ հոգին։ Նորամուծություն դարձան 60 մետր տարածության վրա սպորտային սայլակներով վազքը։

Երկրորդ Պարալիմպիկ խաղերում(Ճապոնիա, 1964թ․) մասնակցեցին 22 երկրի 390 մարզիկներ։ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թիմերը ներկայացել էին մարզիկների ամենամեծ թվով։ Խաղերի ծրագրում ընդգրկված էին  նոր սպորտաձևեր, հատկապես՝ սայլակներով երթ, ծանր աթլետիկա, սկավառակի նետում։ խաղարկվում էր 144 մեդալ։ Ընդհանուր թիմային հաշվարկով գրաված մեդալների թվով բացարձակ առաջատարի դիրքում էին ԱՄՆ-ի մարզիկները։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մեծ Բրիտանիայի և Իտալիայի թիմերը։ Նշանակալի իրադարձություն էր Խաղերի՝ պարաօլիմպիկ կոչվելը։ Մրցույթում առաջին անգամ օգտագործվեց պարաօլիմպիկ ատրիբուտներ (դրոշ, հիմն, խորհրդանշան), իսկ խաղերի ավարտից հետո Ճապոնիայում ապրող հաշմանդամություն ունեցող շատ մարզիկնեի աշխատանքային խնդիրը լուծվեց։

Երրորդ Պարաօլիմպիկ խաղերում (Թել-Ավիվ,Իսրայել, 1968թ․) մասնակցեցին 29 երկրի 750 մարզիկներ։ Տոկիոյի մրցումների համեմատությամբ Խաղերի ծրագիրը զգալիորեն ընդարձակվել էր։ Որոշ մարզաձևերի անցկացման ժամանակ, օրինակ՝ բասկետբոլի, լողի և թեթև աթլետիկայի, մտցվեցին դասակարգման փոփոխություններ։ Պարալիմպիադաների նկատմամբ հետաքրքրությունն հետզհետե աճում էր։ Այսպես, Թել-Ավիվում Խաղերի բացման արարողության ժամանակ ներկա էր 25 հազար հանդիսատես, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ընթացող բասկետբոլի եզրափակիչ հանդիպման ժամանակ ներկա էին ավելի քան 5000 երկրպագուներ։ Բոլոր նրանք եկել էին արտահայտելու իրենց աջակցությունը այն մարդկանց, որոնք հայտնվել են կյանքի այս բարդ իրավիճակում, բայց չեն ընկճվել։

Յուրաքանչյուր իրար հաջորդող Խաղերի ընթացքում աճում էր մասնակիցների թիվը, մեծանում էր մասնակցող երկրների թիվը, ավելանում էր սպորտաձևերի քանակը։ Ողնաշարային վնասվածքներ ունեցող մարզիկներին միանում են նաև հաշմանդամություն ունեցող այլ կարգերի մարզիկներ։ 1966թ․Պարաօլիմպիական կոմիտեն ընդգրկեց նաև մտավոր հաշմանդամություն ունեցող մարզիկների։

Իսրայելում Խաղերի հաղթող դարձավ Ռ․Մարսոնը Իտալիայից։ Տոկիոյում շահելով երկու ոսկե մեդալ թեթև աթլետիկայից, մարզիկն ակտիվորեն զբաղվում էր լողով և սուսերամարտով։ Թել-Ավիվի Խաղերում Մարսոնը երեք սպորտաձևում նվաճեց 9 ոսկե մեդալ։ Ավստրալիայից մարզուհի Լ․Դոդը մի օրվա ընթացքում լող մարզաձևում սահմանեց  աշխարհի երեք ռեկորդ։ ԱՄՆ-ից Ե․Օուենը մի քանի մարզաձևերում նվաճեց տարբեր հարգի 7 մեդալ։ 1968թ․Պարալիմպիկ խաղերի մրցաշարային աղյուսակը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում գլխավորեց ԱՄՆ-ն։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի մարզիկներն էին, երրորդը՝ Իսրայելը։

Չորրորդ Պարաօլիմպիական խաղերում (Հայդելբերգ, Գերմանիա, 1972թ․) մասնակցեցին 44 երկրի 1000 մարզիկներ։ Ամենամեծ թվով պատվիրակությունները ներկայացրել էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Մրցույթային ծրագրում ներառված էին նոր սպորտաձևեր՝ գոլբոլ, 100մ վազք տեսողական խնդիրներ ունեցող մարզիկների համար և այլն։ Խաղերի ժամանակ սահմանվել են աշխարհի մի քանի ռեկորդներ, մասնավորապես՝ լողից, որտեղ առաջին անգամ օգտագործվել են հատուկ տեխնիկական միջոցներ։ Ամենամեծ թվով մեդալներ նվաճել են ամերիկյան և գերմանական մարզիկները։ Երրորդ տեղում էին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մարզիկները։

1972թ․Պարաօլիմպիկ խաղերի անցկացումից հետո տեխնիկական հանձնաժողովի առաջարկությամբ մասնագետները աշխատում էին մրցույթների կանոնների կատարելագործման վրա։

Հինգերորդ Պարաօլիմպիկ խաղերում (Տորոնտո, Կանադա, 1976 թ.) մասնակցում էին 42 երկրի 1600 մարզիկներ (որոնցից 253-ը կանայք)։ Որպես բողոքի նշան ընդդեմ Հարավային Աֆրիկայի մարզիկների, որոշ երկրների ներկայացուցիչներ չներկայացան Խաղերին։ Առաջին անգամ պարաօլիմպիական մրցույթում մասնակցում էին 261 մարզիկներ անդամահատված վերջույթներով և տեսողական խնդիրներ ունեցող 167 ատլետներ։ Տորոնտոյում առաջին անգամ Պարալիմպիկ խաղերում իրականացվեց հեռուստահեռարձակում՝ Օնտարիոյի յուրաքանչյուր տարածքում ավելի քան վեց հարյուր հազարանոց լսարանի համար։ Էապես ընդարձակվեց մրցումների ծրագիրը, հատկապես սայլակներով երթի համար։ Ոչ պաշտոնական հաշվարկների արդյունքում մեդալների քանակով ԱՄՆ-ն գրավեց առաջին հորիզոնականը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Նիդերլանդների և Իսրայելի թիմերը։

Սիդնեյ ժամանեցին 125 երկրների պարաօլիմպիական հանձնաժողովների ներկայացուցիչները, որը 21%-ով  ավելին էր՝  համեմատած 1996թ․ Ատլանտայում կայացած խաղերի ժամանակ։ Խաղերում մասնակցած մարզիկների ընդհանուր թիվը 4038 էր։ Մարզիկ-մասնակիցների թվով ամենաշատ ներկայացուցչական թիմերն էին Ավստրալիան (303), ԱՄՆ (288), Գերմանիան (262), Իսպանիան (224), Մեծ Բրիտանիան (219), Կանադան (172), Ֆրանսիան (158), Ճապոնիան (157), Լեհաստանը (114) և Հոլանդիան (105)։ Ռուսաստանը ներկայանում էին 90 մարզիկներ։ Մարզաձևերը, որտեղ թվով ամենաշատ մարզիկների հայտերն էին ներկայացված մասնակցելու, հետևյալներն էին՝ թեթև աթլետիկա՝ 1043 մարզիկ, լող՝ 570, ծանրամարտ՝ 278, սեղանի թենիս՝ 270, սայլակներով բասկետբոլ՝ 240, նստակյաց վոլեյբոլ՝ 140, գոլբոլ՝ 116 և այլն։ Միայն երկու տեսակի սպորտում՝ թեթև աթլետիկա և լող, ելույթ էին ունենում հաշմանդամություն ունեցող վեց խմբի մարզիկներ։ Ձիասպորտի, սեղանի թենիսի և առագաստասպորտի մրցումներում մասնակցում էին հաշմանդամություն ունեցող հինգ խմբի մարզիկներ։ Յոթ սպորտաձևերում մրցումներն անցկացվում էին հաշմանդամություն ունեցող մեկ խմբի համար․ֆուտբոլը և բոչչան՝ մանկական ուղեղային կաթված ունեցող մարզիկների համար, սուսերամարտը, թենիսը և ռեգբին՝ սպորտային սայլակներով մարզիկների համար, գոլբոլը և ձյուդոն՝ տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար։ Տասնմեկերորդ Պարալիմպիկ խաղերի պաշտոնական մրցումները անցկացվում էին հոկտեմբերի 19-29-ը։ Օլիմպիական գյուղը բացվեց հոկտեմբերի 11-ից, որը 8 օր մարզիկներին հնարավորություն տվեց կլիմայավարժեցման։ Մեդալները, որոնք խաղարկվում էին 20 մարզաձևերում, նվաճվել են 67 երկրի ներկայացուցիչների կողմից։ Ամենահաջող ելույթներ ունեցել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի մարզիկները։

Լրացուցիչ կատեգորիաների մարզիկների ընդգրկումը

Մինչև 1976թ․մրցումներում մասնակցում էին միայն սայլակներով հաշմանդամություն ունեցող անձինք, իսկ ահա Տորոնտոյում (Կանադա) օլիմպիական համալիրի հրապարակ դուրս եկան մասնակիցներ, որոնք ներկայացնում էին պարալիմպիականների երկու նոր խումբ՝ տեսողական խնդիրներ ունեցող և անդամահատված վերջույթներ ունեցող անձինք։ Արդեն 4 տարի անց Հոլանդիայում Խաղերում մասնակցեցին մանկական ուղեղային կաթված ունեցող  անձինք։

Վեցերորդ Պարալիմպիկ խաղերը պետք է տեղի ունենային Մոսկվայում, սակայն Խոր­հրդային Միությունը հրաժարվեց ընդունել հաշմանդամություն ունեցող ան­ձանց, և Պարալիմպիադան ստիպված անցկացվեց Հոլանդիայում (Անխեմ, 1980 թ.)։ Մրցումները կայացան «Պապենդալ» մարզադաշտում՝ 12000 հանդիսատեսի ներկայությամբ։ Խաղերին մասնակցում էին 42 երկրի 2500 մարզիկներ։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների ընդարձակված դասակարգումը թույլ տվեց խաղարկել 3000-ից ավելի մեդալներ։ Առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկվեց նստակյաց վոլեյբոլը։ Իսկ գոլբոլը տեսողական խնդիրներ ունեցող մարզիկների համար դարձավ պարալիմպիկ սպորտաձև։ Խաղերում ձևավորվեց Միջազգային կոորդինացիոն կոմիտե։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը թիմային ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրին, համապատասխանաբար, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Կանադայի թիմերը։

1984թ․Նյու- Յորքում «Պարալիմպիադա» անվանումը ձեռք է բերում պաշտոնական կարգավիճակ։ Այս մրցումները նշանավորվեցին նրանով, պարալիմպիկ ջահը վառվեց Օլիմպիական կրակից՝ Լոս Անջելեսում, իսկ սայլակներով մարզիկները առաջին անգամ ելույթ ունեցան մարաթոնում։

Պարալիմպիկ խաղերը 1984թ․անցկացվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 41 երկրի 1780 մարզիկներ մրցումներին մասնակցում էին Նյու-Յորքում և 45 երկրի 2300 ներկայացուցիչներ՝ Ստոկ-Մենդվիլում։ Խաղերում խաղարկվում էր 900 մեդալ։ Ֆինանսավորումն իրականացվում էր պետական և մասնավոր աղբյուրներից։ Նպաստների զգալի մասը տրամադրվել էր ԱՄՆ-ի կառավարության լրատվական գործակալության կողմից։ Զանգվածային լրատվամիջոցների հիմնական ներկայացուցիչներն էին Բի-Բի-Սին, հոլանդական, գերմանական և շվեդական հեռուստաընկերությունները։

Նյու-Յորքի մրցումներում  13 սպորտաձևերի անցկացման ժամանակ մարզիկներին հետևում էին ավելի քան 80000 հանդիսատես։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների յուրաքանչյուր խումբ Խաղերի ժամանակ ցույց տվեց զգալի արդյունքներ։ Արդյունքում ԱՄՆ-ն նվաճեց 276 մեդալ, թիմային ոչ պաշտոնական հաշվարկում գրավեց առաջին տեղը, իսկ Մեծ Բրիտանիայի մարզիկները՝ 240 մեդալով երկրորդ տեղը։ Ստոկ-Մենդվիլում Մրցումներն անցկացվում էին 10 սպորտաձևերում։ Սահմանվեցին մեծ թվով աշխարհի և պարալիմպիկ ռեկորդներ, հատկապես թեթև աթլետիկայում։ Ստոկ-Մենդվիլի Պարալիմպիկ խաղերը, չնայած կազմակերպչական կարճ ժամկետներին (4 ամիս), նույնպես ունեցան զգալի հաջողություններ։

Տասներորդ Պարալիմպիկ խաղերում (Ատլանտա, ԱՄՆ, 1996 թ.), ժամանեցին 103 երկրի 3195 մարզիկներ և 1717 պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 16-ից-25-ը մրցումներն անցկացվում էին 20 սպորտաձևերից, որից 3-ը՝ ցուցադրական։ Առաջին անգամ 56 մարզիկներ, որոնք ունեին մտավոր զարգացման խանգարումներ, մասնակցեցին թեթև աթլետիկայի և լողի մրցումներին։ Խաղերը կազմակերպված էին բարձր մակարդակով: Մրցումների ժամանակ հանդիսատեսի ընդհանուր թիվը 400000 էր, իսկ խաղերի բացման և փակման ժամանակ ներկա էր մոտավորապես 60000 հանդիսատես: Մրցումները լուսաբանում էին զանգվածային լրատվամիջոցների 2088 հավատարմագրված լրագրողներ, որից 721-ը՝ թերթերից և ամսագրերից, 806-ը՝ ռադիոյից և հեռուստատեսությունից, իսկ 114-ը ֆոտոլրագրողներ էին:

2000թ. Պարալիմպիկ խաղերում ընդհանուր թվով մասնակցում էին 127 երկրի 3843 մարզիկներ, 2000 պաշտոնական անձինք, զանգվածային լրատվամիջոցների 1300 ներկայացուցիչներ, 1000 տեխնիկական աշխատող, 2500 հյուրեր Միջազգային և ազգային հանձնաժողովներից և 10000 կամավորներ: Մարզիկների թվով ամենամեծ ներկայացուցչական թիմերն ունեին Ավստրալիան (303), ԱՄՆ-ն (288), Գերմանիան (262), Իսպանիան (224), Մեծ Բրիտանիան (219), Կանադան (172), Ֆրանսիան (158), Ճապոնիան (157), Լեհաստանը (114) և Հոլանդիան (105):

Տասներկուերորդ Պարալիմպիկ խաղերն անցկացվում էին Աթենքում (Հունաստան)՝ 2004թ. սեպտեմբերի 17-28-ը: 136 երկրի 3800 մարզիկներ 11 օրվա ընթացքում պայքարում էին պարալիմպիական մեդալների համար: Վերջնական հաղթանակի հասան հաշմանդամություն ունեցող չին մարզիկները, ովքեր ընդհանուր առմամբ ունեին 141 մեդալ, որից 63-ը բարձր հարգի: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի հավաքականն էր, երրորդ տեղում՝ Կանադան:

Աթենքում կայացած Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը սահմանափակվեց արձանագրված ծրագրով: Նման որոշման պատճառը, որն ընդունել էին Խաղերի կազմակերպիչները, ավտովթարում զոհված յոթ հույն դպրոցականների մահն էր, որը տեղի էր ունեցել նախօրեին, երբ նրանք գալիս էին ներկա լինելու Պարալիմպիկ մրցումներին: Նախատեսված 3 ժամի փոխարեն փակումը տևեց 1 ժամ: Չեղյալ էր հայտարարվել ծրագրի բեմական մասը, ներառյալ թատերականացված ներկայացումը և հրավառությունը: Արարողության սկզբում հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված դպրոցականների հիշատակը: Դրոշակակիրները մարզադաշտ բերեցին Խաղերի մասնակից 136 երկրի դրոշները: Այնուհետև դաշտ մտան պարալիմպիական մարզիկները: Պարալիմպիական դրոշը հանձնվեց Պեկինին, որտեղ պետք է անցկացվեին հաջորդ Խաղերը: Այնուհետև Աթենքի մարզադաշտում հանգցվեց տասներկուերորդ Պարալիմպիկ խաղերի ջահը: Պարալիմպիադայի փակման հաջորդ օրը Հունաստանում հայտարարվեց սգո օր՝ ի հիշատակ ավտովթարից զոհված երեխաների: Ներկայումս Միջազգային պարալիմպիկ հանձնաժողովը միավորում է 162 կազմակերպություն: Պարալիմպիկ խաղերին մասնակցող երկրների և մարզիկների թիվը մշտապես աճում է:

Ձմեռային Պարալիմպիկ խաղեր

Առաջին ձմեռային Պարալիմպիկ խաղերը կայացան 1976թ. Օրնսկոլդսվիկում (Շվեդիա):  Տեսողական խանգարումներ և անդամահատված վերջույթներ ունեցող մարզիկների համար մրցումները կազմակերպված էին մրցուղում և դաշտում: Առաջին անգամ տեղի ունեցան սահնակներով ցուցադրական արշավներ: Առաջին ձմեռային Խաղերի հաջող ընթացքը թույլ տվեց, որ երկրորդ պարալիմպիկ մրցումներն անցկացվեն Նորվեգիայի Գեյլո քաղաքում 1980թ.: Սահնակներով արագընթաց վայրէջքն անցկացվում էր որպես ցուցադրական ելույթ: Ձմեռային երրորդ  Պարալիմպիադան անցկացվեց Ինսբրուկում (Ավստրիա)՝ 1984թ.: Առաջին անգամ 30 տղամարդ երեք դահուկներով մասնակցություն ունեցան հսկա ոլորավայրէջքում:

1984թ. Համաշխարհային ձմեռային խաղերը հաշմանդամություն ունեցող մարզիկների համար անցկացվեցին Ավստրիայում: Որպես ընդունող երկիր, Ավստրիայի ընտրությունը պատահական չէր. երկրում գործում են շուրջ հարյուր սպորտային ակումբներ, որտեղ մարզվում են հաշմանդամություն ունեցող ավելի քան վեց հազար հինգ հարյուր մարզիկներ: Պարալիմպիկ սպորտի թեման դարձավ դպրոցական ծրագրի մաս: Ավստրիայի Օլիմպիական կոմիտեն ամեն ամառ կազմակերպում է միջազգային երիտասարդական  ամառային պարալիմպիկ ճամբար:

1988թ. չորրորդ Պարալիմպիկ խաղերը կրկին անցկացվեցին Ինսբրուկում (Ավստրիա): Մրցումներում մասնակցում էին 22 երկրի 397 մարզիկներ: Առաջին անգամ Խաղերին մասնակցեցին ԽՍՀՄ-ի մարզիկները: Խաղերի ծրագրում ներառված էր նաև նստակյաց դահուկներով մարզաձևը:

1992թ.  ձմեռային Պարալիմպիկ խաղերն անցկացվեցին Տինյեում և Ալբերվիլում (Ֆրանսիա): Մրցումներն անցկացվում էին միայն լեռնադահուկային սպորտից, դահուկային մրցավազքից և բիաթլոնից: ԽՍՀՄ մարզիկները ելույթ էին ունենում միասնական դրոշի ներքո: Հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը: Առավել հաջողված  ելույթ ունեցան դահուկավորները՝ գրավելով 10 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Վեցերորդ ձմեռային Պարալիմպիկ խաղերն անցկացվեցին 1994թ. Լիլլեխամմերում (Նորվեգիա): Մոտավորապես 1000 մարզիկ էր մնում օլիմպիական գյուղում, որտեղ հաշմանդամություն ունեցողների համար կային հատուկ տեխնիկական միջոցներ: Խաղերում առաջին անգամ նստակյաց հոկեյի ցուցադրական ելույթներ եղան: դահուկային մրցավազքի և բիաթլոնի մրցումներն անցկացվում էին տեղի մարզադաշտում: Ռուս մարզիկները հաջող ելույթ ունեցան և գրավեցին տարբեր հարգի մեդալներ:

Հ․Գ․ Ներառական սպորտը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում, որը հայաստանյան մասնագետները կոչում են հաշմանդային սպորտ․․․ թեև դա կոմպետենտության խնդիր է։ Ինչպես ներառական սպորտի գաղափարը, այնպես էլ դրա սահմանումը ճկուն է և բազմակողմանի, որը սահմանվում է որպես գաղափարախոսությունների և գործելակերպի համակցություն, որն էլ ենթադրում է ներառական հասարակության ստեղծմանն ուղղված առավել ընդգրկուն ռազմավարության մաս:

Սերյոժա Օհանջանյան

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող
անձանց իրավապաշտպան հասարակական
կազմակերպության նախագահ